Ներկայումս կիրառության մեջ են բնակելի տների շուրջ 40 օրինակելի նախագծեր, որի ներդրման միջոցով կառուցման համար չի պահանջվի նախագծման առաջադրանք
նախագծային փաստաթղթերի պատվիրում փորձաքննություն, իսկ շինարարության թույլտվությունը կտրամադրվի եռօրյա ժամկետում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Նրա խոսքով, դրա արդյունքում` կառուցապատողը կխնայի զգալի միջոցներ եւ ժամանակ, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումային գործընթացի խթանմանը, միաժամանակ հանդիսանալով երկարաժամկետ տնտեսական աճի կարեւոր գրավական։
Նախարարն առանձնացրել է նաեւ սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սեփական բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով):
Թադեւոսյանը նշել է նաեւ, որ նախարարության կողմից մշակված նոր ռազմավարությամբ շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվելու են ավելի մեծածավալ եւ առավել հուսալի միջոցառումներով, որոնք հետագայում կապահովեն սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները ավարտին հասցնել տարիներ շարունակ ձգվող օբյեկտների շինաշխատանքները:
2013 թվականին այս մոտեցմամբ շինարարական աշխատանքները ավարտվել են 14 օբյեկտնեում, 2014 թվականին նախատեսվում է նույն սկզբունքով ավարտել 20 օբյեկտների շինաշխատանքները:
Հաջորդ կարեւորագույն ռազմավարական խնդիրը, որ ներկայացրեց պարոն Թադեւոսյանը, օբյեկտների ընտրության առաջնահերթության հարցն է: Հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման սկզբունքը` կազմվել են «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման եւ արդիականացման ենթակա կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների ցանկերը»: Այդ ցանկերում ներառվել են 514 կրթական, 358 մշակութային եւ 63 մարզական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ, տրվել են շինարարական աշխատանքների տեսակների, ծավալների եւ ֆինանսական միջոցների խոշորացված գնահատականները ցանկերում ընդգրկված օբյեկտների գերակշիռ մասը գնահատվել է վնասվածության 2 - 3-րդ աստիճանով, ուստի ողջ համալիրը դասակարգվել է որպես վերակառուցման ենթակա՝ սեյսմազինվածության մակարդակի բարձրացմամբ:



























