Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր՝ փետրվարի 19-ին, մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հինգերորդ հրատապ ծրագրի նախապատրաստման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է մեկ անգամ եւս տեղերում քննարկել ծրագրերը, որոնք ներկայացվել են համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ բնակչության կողմից` ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի մարզային այցերի եւ հանդիպումների ժամանակ: Որոշ ծրագրերի մասով առաջարկվել է լրացուցիչ քննարկումներ իրականացնել եւ ներկայացնել վերջնական տարբերակ:
Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով 2011-2013թթ. իրականացվել է չորս հրատապ ծրագիր, որոնց համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 41,3 մլրդ դրամ: Համայնքներում ընդհանուր առմամբ իրականացվել է 1587 ծրագիր, որոնց գերակշիռ մասը ` դպրոցաշինության (11,3 մլրդ դրամ) եւ ճանապարհաշինության (9,4 մլրդ դրամ) ոլորտներում: Ծրագրեր են իրականացվել նաեւ բնակարանաշինության (5 մլրդ դրամ), մշակութային օբյեկտների եւ մանկապարտեզների վերանորոգման (5,7 մլրդ դրամ), ջրամատակարարման ու գազամատակարարման ( 3 մլրդ դրամ), ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտներում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























