Հայ անհատ ավտոդիլերները երբեք մաքսատնից ավտոսրահի առավելությունները չեն ստանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ավտոմեքենաներ ներկրող Արայիկ Բերակչյանը: Ըստ նրա՝ ներկրողներին երբեք չի հաջողվում մաքսազերծել մեքենան ինվոյսի գնով: «Ինչ ինվոյս էլ նրանց ցույց տաս, նրանք քեզ պատասխանում են՝ մեր վերահսկիչ գներն ունենք, որոնք մի փոքր բարձր են: Նշանակում է, որ դրանց մաքսատուրքն էլ բարձր է»,-պարզաբանել է Բերակչյանը:
Դրան ավելանում է նաեւ քսան տոկոսի չափով բնապահպանական վճարը՝ 10 տարեկանից բարձր մեքենաների համար: ԱԱՀ-ի ու մաքսատուրքի հետ միասին սահմանին ստիպված ես վճարել 52 տոկոս:
«Իսկ ավտոսրահները նման խնդիր չունեն՝ մաքսազերծվում են ինվոյսով ու վճարում են 32 տոկոս»,-հայտարարել է Հայաստանի ավտոդիլերների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Բացի այդ, սրահները ներկրում են նոր մեքենաներ, որոնց համար այդքան բարձր բնապահպանական վճար չի նախատեսվում: «Մենք եւս կարող ենք նոր մեքենաներ ներկրել, սակայն ով մեզ կթողնի դա անել»,-հավելել է Բերակչյանը:



























