Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 19-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին եւ քննարկել ՀՀ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցության ընթացիկ ծրագրերը եւ հետագա քայլերը:
Անդրադառնալով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունման գործընթացին՝ կողմերը կարեւորել են բնապահպանական խնդիրների, գործարար միջավայրի եւ հասարակական շահի համադրության հրամայականը:
Անդրեյ Սորոկինն առաջարկել է ԱԺ-ում օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվելիք հասարակական քննարկումներին ներգրավել նաեւ ԵԱՀԿ գրասենյակի փորձագետներին, ինչը պատրաստակամությամբ է ընդունվել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից:
Արամ Հարությունյանն նաեւ ի գիտություն է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարության սկսած շրջակա միջավայրի վրա ազդեցության որոշման մեթոդիկայի եւ ջրային դիրեկտիվների համակարգի չափորոշիչների մշակման աշխատանքներին ԵԱՀԿ-ին նույնպես ներգրավելու՝ դեսպանի առաջարկը: ԵԱՀԿ պատվիրակությունը ցանկություն է հայտնել ՀՀ ԲՆ-ին փոխանցել օրենքի նախագծի տեխնիկական մասին վերաբերող իր առաջարկները: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել ներկայացված առաջարկները քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ ընդունելի փոփոխությունները ներառել նախագծում:
Կողմերը քննարկել են նաեւ Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին եւ ՀՀ բնապահպանական տեղեկատվական հասարակական (Օրհուս) կենտրոնների գործունեությանը վերաբերող հարցեր: Նախարար Արամ Հարությունյանը բարձրացրել է ԵԱՀԿ հովանու տակ գործող 15 «Օրհուս» կենտրոնների եւ Նախարարության համագործակցության արդյունավետության բարձրացման, մեխանիզմների հստակեցման եւ իրավական հիմքերի մշակման անհրաժեշտության հարցերը: Երկուստեք կարեւորելով խնդրի լուծումը՝ կողմերը պայմանավորվել են վերոհիշյալ հարցերը հստակեցնելու համար կազմակերպել աշխատանքային հանդիպումներ:



























