Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հարցով զբաղվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Վարդանյանի հարազատները դիմել են Յուրի Հայրապետյանին եւ տեղեկացրել, որ բանտում նորմալ պայմաններ չեն ապահովվել առողջական խնդիրներ ունեցող հայ լրագրողին պահելու համար: Յուրի Հայրապետյանը հայտնել է, որ զանգահարել է Տիրասպոլ եւ խոսել Մերձդնեստրի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի հետ: Վերջինս էլ նշել է, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ դատապաշտպան գտնելու, լուծված են:

Յուրի Հայրապետյանը նշել է նաեւ, որ շուտով Մերձդնեստրի եւ ԼՂՀ օմբուդսմենները համաձայնագիր են ստորագրելու, որով ԼՂՀ-ում կպաշտպանվեն Մերձդնեստրի քաղաքացիների իրավունքները, Մերձդնեստրում էլ՝ ԼՂՀ քաղաքացիների:

Հիշեցնենք, որ Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր Մերձդնեստրի հատուկ ծառայությունների կողմից՝ ապրիլի 7-ին: Նա մեղադրվում է Մոլդովայի օգտին լրտեսություն անելու եւ պետական դավաճանության մեջ, եւ նրան սպառնում է 12-20 տարի ազատազրկում, եթե հաստատվի մեղադրանքը: Հայ լրագրողի ձերբակալությունն արդեն դատապարտել են միջազգային հեղինակավոր լրագրողական կազմակերպությունները, ինչպես նաեւ ամերիկյան կառավարությունը: