«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը մտադիր է առաջիկայում հացադուլ հայտարարել:

Բաբաջանյանը, որը լուրջ առողջական խնդիրներ ունի, ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որի բժիշկները նրան բուժելու հնարավորություն չունեն, այլ միայն ցավազրկիչներ են տալիս:

Բաբաջանյանը կարիք ունի լուրջ բուժման, բայց վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովն առ այսօր չի քննարկում նրա հարցը: Բաբաջանյանը մտադիր է նաեւ հրաժարվել ցավազրկող դեղամիջոցներից:

Հիշեցնենք, որ Արմանի գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:

Հիշեցնենք նաեւ, որ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։