Ինտեգրացումը Մաքսային միություն չի խանգարի պղնձի կոնցենտրատի արտահանմանը Եվրոպա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով՝ առայժմ հանքաքարի վաճառքի մասին պայմանագրեր Մասքային միության մետալուրգների հետ չի կնքվել:

«Մենք միջնաժամկետ պայմանագրեր ենք կնքում՝ 3-5 տարով, եւ ընթացիկները դեռ շարունակվում են: Երբ ավարտվեն, այն ժամանակ պատրաստ կլինենք նոր առաջարկներ քննարկել»,- ընդգծել է Հակոբյանը: Նա նշել է, որ կոմբինատը կոնցենտրատ արտահանում է  ոչ միայն գերմանական Aurubis խմբին, այլ 7-8 ընկերությունների համար: «Այնպես որ չենք բացառում հնարավորությունն աշխատել ՄՄ երկրների հետ»,- հայտարարել է Հակոբյանը: «Զանգեզուրի պղնձի-մոլիբդենի կոմբինատը» 2013թ.-ի Հայաստանի խոշորագույն հարկատուն է դարձել: Ընկերությունը շահագործում է  Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրը Հայաստանի հարավում(խոշորագույնը հանրապետությունում): Կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գերմանական Cronimet Mining-ին, 15 տոկոսը՝ «Մաքուր երկաթի երեւանյան գործարան» ԲԲԸ-ին: 12,5 տոկոսը պատկանում է «Armenian Molybdenum Production», նույնքանը պատկանում է «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին: