Փետրվարի 21-ին նոր «Zara» խանութը կբացի իր դռները հաճախորդների առջեւ նորաբաց Yerevan Mall առեւտրի կենտրոնում:

Սա «Zara» բրենդի արդեն երկրորդ խանութն է Հայաստանում, առաջինը բացվել էր 2012թ.:

«Քաղաքի սրտում գտնվող Yerevan Mall-ում բացելով «Zara» եւ Inditex բրենդերը՝ մենք քաղաքի կենտրոն ենք բերում համաշխարհային նորաձեւության լավագույն բրենդերը՝ մեր բրենդերից օգտվելը հեշտացնելով մեր սիրելի հաճախորդների համար: Աշխարհում խանութների ամենավերջին հայեցակարգերին համապատասխանող «Zara» խանութը կզբաղեցնի ավելի քան 2000քմ տարածք», - ասել է Սաուդյան Արաբիայում, Միջին Ասիայում եւ Կովկասյան տարածաշրջանում «Zara»-ն եւ «Inditex Group»-ը ներկայացնող Alhokair Fashion Retail-ի գլխավոր գործադիր տնօրեն Յասին Սիբարին։

Բացման օրը Յասին Սիբարին ակնկալում է մեծ թվով հաճախորդների ներկայություն։ Բացառապես այդ օրվա համար «Zara»-ն հաճախորդների համար պատրաստել է մի քանի բացառիկ հավաքածու։

Zara-ի հետ միասին նոր առևտրի կենտրոնում կբացվեն Inditex Group-ի երեք այլ ապրանքանիշեր՝ Pull & Bear, Stradivarius, Bershka, որոնք Կովկասյան տարածաշրջանում ներկայացնում է Alhokair Fashion Retail-ը՝ Inditex Group-ի էքսկլյուզիվ ֆրանչայզինգ գործընկերը։ Խանութը բաղկացած է լինելու կանանց, տղամարդկանց , երեխաների եւ  Trafaluc (դեռահաս աղջիկների համար նախատեսված հագուստ) բաժիններից:

Նշենք, որ «Zara»-ն, որը համարվում է հագուստի խոշորագույն մանրածախ ցանցն աշխարհում, ներկայացված է 86 երկրների խոշորագույն քաղաքներում:

Խանութի տեսականին բավականին արագ է թարմացվում. նոր հավաքածուներ ստացվում են երկու շաբաթը մեկ: