Հայաստանի գյուղատնտեսության նախարարն այսօր՝ փետրվարի 20-ին, այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում գտնվող ելակի թաղանթապատ ցանքեր, ծանոթացել մշակության պայմաններին, զրուցել գյուղացիների հետ:
Համայնքը հիմնականում զբաղվում է ելակագործությամբ, արդյունքներից հողագործները գոհ են: Իրացման խնդիրներ նույնպես չունեն: Այս տարվա եղանակային պայմանները նույնպես բարձր բերքի երաշխիք են տալիս: Իսկ Սերյոժա Առաքելյանի դաշտում այսօր մշակվող բերքը շուկա կհանվի արդեն ապրիլի 20-ին:
Գյուղացիների հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է պետական աջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս տարի նույնպես մատչելի գներով գյուղացիական տնտեսությունները կստանան սերմացու, պարարտանյութ եւ դիզելային վառելիք: Շարունակվում է նաեւ ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորելու քաղաքականությունը: Այս ամենը, ըստ նախարարի, հնարավոր են դարձնում գերազանցել գյուղատնտեսության զարգացման նախորդ տարվա բարձր ցուցանիշները:
Օրվա երկրորդ կեսին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, խոսել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների եւ դրանցից բխող մարզային խնդիրների մասին, այնուհետեւ լավ աշխատանքի համար մեդալներ ու շնորհակալագրեր հանձնել մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավոր աշխատողների:



























