Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 20-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Քննարկվեցին բանկի աջակցությամբ հանրապետության համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման, քաղաքային համայնքների կայուն զարգացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Նշվեց, որ հաջողությամբ իրականացվում է խմելու ջրի ոլորտում ամենախոշոր ծրագրերից մեկը` համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավմանն ուղղված ընթացիկ ծրագիրը, որը մեկնարկել է 2012թ. եւ կավարտվի 2017թ-ին:  Նախատեսվում է, որ 18 քաղաքային եւ 99 գյուղական համայնքում կիրականացվեն ջրամատակարարման բարելավման աշխատանքներ, ինչը ենթադրում է  ջրամատակարարման տեւողության ավելացում, ջրի կորուստների նվազում, ջրի որակի բարելավում, հնարավորության դեպքում` անցում մեխանիկականից ինքնահոս համակարգի»:

Արմեն Գեւորգյանի խոսքով՝ գնահատելի է, որ բանկն իր ուշադրության կենտրոնում է պահում խմելու ջրի ոլորտը:

«Կարծում եմ, որ բանկի հետ նոր ծրագիր սկսելու հնարավորություններ կունենանք` օպերատոր ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող 500-ից ավելի համայնքների ջրամատակարարման համակարգի կառավարման հետ կապված»,-նշեց նա` տեղեկացնելով, որ գերմանական KfW բանակի աջակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, որի արդյունքում նշված համայնքներում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն:

ԱԶԲ աջակցությամբ մշակվում է նաեւ  կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարական ծրագիրը, որի աշխատանքները նույնպես առաջիկայում կավարտվեն,  կներկայացվի նաեւ  ծրագրի ներդրումային գնահատականը: