Ըստ ԱՎԾ-ի` 2014թ 2013-ի համեմատ տնտեսական աճը կազմել է 1.8 տոկոս, ոչ թե 7, ոչ թե 3.5, այլ 1.8 եւ սա պաշտոնական թիվ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նաեւ գրել է.

«Իմ տվյալներով՝ 1993թ սա երկրորդ վատագույն ցուցանիշն է վերջին 21 տարիներին։ Ավելի վատ միայն 2009-ի հունվարին էր՝ -0.7%։ Տնտեսության այս ողորմելի վիճակին զուգահեռ ծաղկում է ֆինանսական ոլորտը։ Օրինակ, 2013-ին ՀՀ բանկային համակարգն իր շահույթը 2012-ի համեմատ ավելացրել 65%-ով, դրանից մեկ տարի առաջ այդ թիվը շուրջ 80 տոկոս էր։ 2009-ին, երբ տնտեսության անկումը կազմեց -14.1% (ըստ վարչապետի - 18.5%) բանկերի շահույթի հավելաճը կազմեց 53.5%։ Հիմա ինչ եմ ասում։ Հանկարծ նախագահը վարչապետի հրաժարականը չպահանջի։ Դա որ գնաց ի՞նչ ենք անելու։ Բայց ինչ որ մեկը պետք է հրաժարական տա։ Գուշակեք ո՞վ»: