«Վաշինգթոնյան հանդիպումները մի վերջին շանս տվեցին փրկել հայ-թուրքական գործընթացը, սակայն այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կարծես, որոշել են գաղտնի պահել մինչեւ ապրիլի 24-ը»,- այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, վաշինգթոնյան հանդիպումներից կարելի է առանձնացնել այն, որ Թուրքիան շատ ուժեղ ճնշման է ենթարկվել ամերիկացիների կողմից, ինչպես նաեւ կարեւոր էր այդ գագաթնաժողովին Ադրբեջանին չհրավիրելը: «Ադրբեջանը բարկացած է Թուրքիայի վրա եւ հիասթափված ԱՄՆ-ից»,- ասաց նա:
Մյուս կարեւոր հանգամանքն, ըստ Կիրակոսյանի, այն է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 11-ին մեկնում է Թուրքիա: Այդ համատեքստում, քաղաքագետն ասաց, որ Սերժ Սարգսյան-Էրդողան վաշինգթոնյան հանդիպումը առաջինն էր, սակայն ոչ վերջինը, եւ այն մոտակա ամիսներին շարունակություն է ունենալու Մոսկվայում:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, Ռ. Կիրակոսյանն ասաց, որ այդ գործընթացում Հայաստանը շախմատ խաղում, իսկ Թուրքիան` թատրոն: Թուրքիան փորձում է 2 շրջանների վերադարձի իրենց պահանջը ներկայացնել որպես փոխզիջում, որ տեսեք բոլոր շրջանները չենք ուզում, այլ միայն երկուսը, այնինչ, ակնհայտ է, որ դա փոխզիջում չէ:
Ամփոփելով հայ-թուրքական գործընթացի 1 տարին, նա ընդգծեց, որ Հայաստանն ունեցել է 2 ռազմավարական հաղթանակ: նախ, դրա արդյունքում թուրք-ադրբեջանական հարաբերությունները շատ վատացել են, որի արդյունքում այլեւս չի գործում «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը: Երկրորդ ռազմավարական հաղթանակը, ըստ նրա, Ղարաբաղի հարցում է, երբ ամերիկացիներն ու ռուսները ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն ԼՂ խնդրի հետ:




























