Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական, այլեւ հումանիտար հարթությունում, Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա հատուկ ուշադրություն հրավիրեց այն մարդասիրական օգնության վրա, որ ռուս ժողովուրդը ցուցաբերել է հայերին 1915թ. դեպքերի ժամանակ: «Մեր խնդիրն է, որ ռուս եւ հայ ժողովուրդները ոչ միայն սգան Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլեւ վերստեղծեն հումանիտար ինտերվենցիայի պատկերը»,- հայտարարել է նա: Դեմոյանը հաղորդել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել 1915թ. Ցեղասպանության ժամանակ Ռուսաստանի կողմից ցուցաբերված հումանիտար օգնության թեմայով Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում ցուցահանդեսների բացման վերաբերյալ:
Խոսելով պատճառների մասին՝ թե ինչու է Անկարան հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Դեմոյանն ընդգծել է. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի ցանկության բացակայությունը ավելի շուտ հոգեբանական է։ Ճանաչելով Ցեղասպանությունը՝ Անկարան կխորտակի իր պետական գաղափարախոսության հիմքը՝ քեմալիզմը, քանի որ դա շատ բանով երիտթուրքերի գաղափարախոսության ուղեգծի շարունակությունն է: Եւ այդ մասին խոսում են շատ թուրք գիտնականներ»:
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է միացյալ ճակատով հանդես գան նաեւ հարեւան Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման դեմ, կարծում է ինստիտուտի տնօրենը: Դեմոյանը նկատել է, որ շատ հաճախ Հայոց ցեղասպանությունը դառնում է տարբեր ձեռնածությունների առարկա: «Հայաստանի եւ Ռուսաստանի հարեւանը փորձում է կեղծել փաստաթղթերը, փաստերը՝ կեղծ-պատմություն ստեղծելով, որում Ռուսաստանը մեղադրվում է հայերին Անդկովկասում տեղակայելու եւ հայկական պետություն ստեղծելու մեջ՝ հընթացս ադրբեջանցիների „ցեղասպանություն“ իրականացնելով»,- հայտարարել է Դեմոյանը:




























