Սկսվել է հանրագիտարանային հրատարակությունների թվայնացման աշխատանքը։ Այս մասին նշված է «ՀՀ ԳԱԱ 2009թ. Գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ» հաշվետվությունում, ըստ որի՝ 2010 թվականին թվայնացված եւ համացանցում տեղադրված կլինեն «Դպրոցական Մեծ հանրագիտարանի» 3 հատորները։
2010թ.-ին նախատեսված է շարունակել «Դպրոցական մեծ հանրագիտարանի» 2-րդ հատորի նյութերի պատրաստումը, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանք է տարվում «Հայկական հարց» հանրագիտարանի նոր թարմացված եւ լրացված տարբերակի հրատարակման համար։
Ըստ ՀՀ ԳԱԱ 2009թվականի հաշվետվության՝ այժմ զուգահեռ աշխատանքներ են տարվում նաեւ «Հայկական հանրագիտական բառարանի» բառացանկի կազմման համար, որը կարող է լիարժեք հիմք դառնալ նոր՝ 15 հատորով «Հայկական հանրագիտարանի» ստեղծման համար։
Նշենք, որ «Դպրոցական մեծ հանրագիտարանը» պատրաստվում է պետպատվերով, 2000 տպաքանակով։ 2009թ.-ին պատրաստվել եւ տպագրվել է «Դպրոցական մեծ հանրագիտարանի» 2-րդ գրքի 1-ին հատորը։



























