Արդարադատության նախարարը խորը ափսոսանք է հայտնում, որ իր խոսքի ոչ ճիշտ ընկալումը հանգեցրել է պատգամավորի կողմից Ազգային ժողովում նման անհարիր բառապաշարի օգտագործման Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը։

Նա նշեց, որ նախարարը սովորություն չունի եթե-ներով սկսվող հայտարարություններին պատասխանելու, իսկ առանց եթե–ների հայտարարությունները, բնականաբար ստանում են համապատասխան պատասխաններ։

Նշենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, ասել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։

Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։  «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը: