Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստը.

«Ռուսաստանում խիստ անհագստացած են Ուկրաինայում իրավիճակի զարգացմամբ: Վերջին օրերին երկրի մայրաքաղաքում եւ մի շարք այլ քաղաքներում զինված բախումներ են տեղի ունեցել ուլտրաաջ ազգայնական կազմակերպությունների գրոհայինների եւ իրավապահ մարմինների ստորաբաժանումների միջեւ, որոնք պաշտպանում էին խաղաղ բնակչության անվտանգությունն ու պետության շահերը:

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու մասին փետրվարի 21-ին ստորագրված համաձայնագիրը չի կատարվում, թեեւ դրա ստորագրման ներկա են եղել Գերմանիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները, իսկ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ այլ միջազգային կառույցներ ողջունել են այդ փաստաթուղթը: Գրոհայինները չեն զինաթափվել, հրաժարվում են լքել քաղաքների փողոցները, որոնք նրանք փաստացի վերահսկում են, ազատել վարչական շենքերը, շարունակում են բռնության գործողությունները:
Զարմացնում է այն, որ մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ արդեն շտապել են աջակցել Ուկրաինայում մայիսին նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը, թեեւ փետրվարի 21-ի համաձայնագրով նախատեսված էր, որ ընտրությունները պետք է կայանան միայն սահմանադրական բարեփոխումներից հետո: Պարզ է, որ այդ բարեփոխումների հաջողության համար դրան պետք է մասնակցեն Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերը, եւ բոլոր տարածաշրջանները, իսկ դրանց արդյունքը դրվի համաժողովրդական հանրաքվեի:  Վստահ ենք, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հաշվի առնել Ուկրաինայի արեւելյան եւ հարավային մարզերի, Ղրիմի եւ Սեւաստոպոլի պատգամավորների անհանգստությունը, որը հնչել է փետրվարի 22-ին, Խարկովում կայացած համագումարում:

Լեգիտիմության տեսանկյունից խորը անհանգստություն են առաջացնում Ուկրաինայի Գերագույն Ռադայի գործողությունները: Վկայակոչելով փաստացի միայն «հեղափոխական նպատակահարմարությունը», այնտեղ «որոշումներ», «օրենքներ» են դակում, այդ թվում այնպիսիք, որոնք ուղղված են երկրում ռուսների եւ այլ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը:

Ռուսերենը համարյա արգելելու, լյուստրացիայի, կուսակցությունների եւ կազմակերպություններ ոչնչացնելու, ոչ հաճելի լրատվամիջոցները փակելու, ներնացիստական գաղափարների քարոզչության արգելքը հանելու կոչեր են հնչում:

Ուղղություն է վերցվել, որ բռնապետական, երբեմն նաեւ ահաբեկչական մեթոդներով ճնշեն իրենց հետ անհամաձայնություն հայտնողներին ՈՒկրաինայի տարբեր շրջաններում:

Ուղղափառ սրբավայրերի նկատմամբ սպառնալիքներ են հնչում: Ազգային արմատականները շարունակում են պղծել հուշարձանները երկրի քաղաքներում, իսկ որոշ եվրոպական մայրաքաղաքներում նրանց համախոհները պղծում են խորհրդային զինվորների հուշարձանները:

Իրադարձությունների նման զարգացումը խափանում է փետրվարի 21-ի համաձայնագիրը, վարկաբեկում է դրա նախաձեռնողներին ու երաշխավորներին, քաղաքացիական խաղաղության, կայունության, քաղաքացիների անվտանգության համար սպառնալիք ստեղծում:

Ստիպված ենք նշել, որ մեր որոշ եվրոպական գոծընկերների դիրքորոշման մեջ նկատվում է ոչ թե Ուկրաինայի ճակատագրով մտահոգություն, այլ միակողմանի աշխարհաքաղաքական հաշվարկ: Չեն լսվում սկզբունքային գնահատականներ ծայրահեղականների հանցավոր գործողությունների, այդ թվում նեոնացիստական եւ հակասեմիտական դրսեւորումների նկատմամբ: Ավելին, կամա թե ակամա, այդ գործողությունները խրախուսվում են:
Տպավորություն է ստեղծվում, որ փետրվարի 21-ի համաձայնագիրը իր արտաքին հովանավորների լուռ համաձայնությամբ օգտագործվում է միայն որպես ծխածածկույթ՝ Ուկրաինայում իշխանության հարկադիր փոփոխության սցենարը առաջ մղելու համար:

Առանձնապես մտահոգիչ են այդ գծի արդարացմանը միջազգային կառույցներին, այդ թվում ՄԱԿ-ի քարտուղարությանը ներգրավելու փորձերը:

Հետեւողականորեն կոչ ենք անում Ուկրաինայում ճգնաժամին առնչություն ունեցող բոլորին առավելագույնս պատասխանատվություն դրսեւորել եւ թույլ չտալ իրավիճակի հետագա դեգրադացիա, վերադարձնել այն իրավական հուն, խստորեն կանխել իշխանության դեմ դուրս եկող ծայրահեղականներին»: