Ապրիլի 17-24-ը Հայաստանում է գտնվելու միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք.Դուբնա) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը: Վերջինիս ղեկավարությամբ 2010թ. հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112-118 հաջորդական համարներով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այցի նպատակն է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցման միջոցառումների քննարկումը, այդ թվում` կազմակերպությունում տարվող գիտական հետազոտությունների ուղղությունների ճշգրտումը, Ազգային լաբորատորիայի կառուցվածքի և կառավարման մոդելի քննարկումը, ինչպես նաև Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին:
Վաղը` ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում հայտնի գիտնականը կհանդիպի ուսանողների հետ: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:



























