Վան ժամանած Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը այցելել է Վանի Ախթմար կղզու Ս. Խաչ եկեղեցի եւ տեղում ծանոթացել իրավիճակին: Նա տեղի պաշտոնյաներին հրահանգներ է տվել սեպտեմբերի 12-ի առաջին պատարագը հավուր պատշաճի անցկացնելու համար:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` արք. Աթեշյանը Վանի փոխնահանգապետին եւ Գեւաշի քայմաքամին մանրամասն բացատրել է 2 ժամ տեւող պատարագի անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Աթեշյանը նշել է, որ այնպես պետք է անել, որ Ախթամարի Ս. Խաչ եկեղեցում Վարագա Ս. Խաչի տոնի առթիվ իրականացվելիք պատարագը դառնա փառատոն, քանի որ այն իրենց համար երկար ժամանակ երազանք է եղել: Աթեշյանը կարծիք է հայտնել, որ Ախթամարի եկեղեցու առաջին պատարագին կմասնակցեն 5000 հայեր` Լիբանանից, Իսրայելից, Երուսաղեմից, ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ այլ վայրերից:
Մինչ Ախթամար կղզի մեկնելը՝ արք. Աթեշյանը հանդիպել էր Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուի հետ: Վանի նահանգապետը իր գոհունակությունը հայտնելով Աթեշյանի ժամանման կապակցությամբ` ասել էր. «Սեպտեմբերի 12-ին Վան այցելող բոլոր հյուրերին ամենալավ ձեւով ենք պատվելու: Ախթամարի Ս. Խաչում պատարագները խաղաղ միջավայրում անցկացնելու համար Վանի նահանգապետարանը եւ ժողովուրդը ամեն ինչ անելու է: Մենք ցանկանում ենք, որ մեր հյուրերը Վանից եւ Թուրքիայից գոհ հեռանան»:
Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը մարտի վերջին ստորագրել է Վանի նահանգապետի դիմումը՝ թույլատրելով, որ հայերը տարին մեկ անգամ կարողանան Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում կրոնական արարողություններ իրականացնել։ Այս տարվա սեպտեմբերի 12-ին նախատեսված է իրականացնել առաջին պատարագը, որը համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին: Պատարագը հանդիսապետելու է արք. Արամ Աթեշյանը:




























