Հայաստանյան լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններն ու լրագրողները բաց նամակ են հղել Մերձնեստրյան հանրապետության նախագահ Ի. Սմիռնովին՝ կապված Մերձդնեստրում հայ լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալության հետ: Նամակում մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 7-ին Մերձդնեստրյան Տիրասպոլ քաղաքում ձերբակալված Էռնեստ Վարդանյանի գործին ուշադրությամբ հետևում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, հայաստանյան լրագրողները, իրավապաշտպան կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները, ովքեր անհանգստացած են իրենց հայրենակցի ճակատագրով:
Գործի առնչությամբ տարածված հաղորդագրություններն ու տեղեկատվությունը վկայում են ձերբակալության հետ կապված բազմաթիվ իրավախախտումների և անվտանգության մարմինների անհամաչափ գործողությունների մասին: Ցավոք, այսօր լրագրողներն ավելի ու ավելի հաճախ դառնում են զանազան հետապնդումների և բռնությունների զոհ: Անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը հայտնվել է առավել անելանելի վիճակում, ենթարկվելով հետապնդումների այնպիսի կառույցների կողմից, որոնք»մեղադրյալին" հնարավորություն չեն տալիս նույնիսկ ընտրելու սեփական պաշտպանին՝ մի երևույթ, որը հակասում է մարդու իրավունքների ամենատարրական նորմերին: Սա առիթ է տալիս կասկածելու, որ Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացրած գործողությունները նաև ազգատյատության դրսևորումներից են:
Ուստի ներքոստորագրյալներս Մերձդնեստրյան իշխանություններից պահանջում ենք.
1. Էռնեստ Վարդանյանին անհապաղ տրամադրել պաշտպան՝ իր ընտրությամբ:
2. Պաշտոնապես հրապարակել մեղադրանքի էությունն ու հիմնավորումը:
3. Հնարավորություն տալ իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին, ընտանիքի անդամներին՝ տեսակցելու Էռնեստ Վարդանյանին:
4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էռնեստ Վարդանյանը երկու անչափահաս երեխաների հայր է (վեցամյա որդու և ինն ամսական դստեր)՝ փոխել խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ":
Նամակը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Բորիս Նավասարդյանը (Երևանի մամլո ակումբի նախագահ), Վարդան Հարությունյանը (Ընդդեմ քաղաքական հալածանքների), Գայանե Շագոյանը (ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Լրագրողներ Գագիկ Շամշյանը, Լալա Տեր-Ղազարյանը, Կարմեն Մարտիրոսյանը, Ամալյա Հովհաննիսյանը, Զանի Հարոյանը, Փառանձեմ Հովհաննիսյանը, Լեւոն Աբրահամյանը (ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Հնագիտության և ազգագրության Ինստիտուտ), քաղաքացիներ Լալա Ասլիկյանն ու Սոնա Այվազյանը:
Հիշեցնենք, որ Էռնեստ Վարդանյանը մեղադրվում է Մոլդովայի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ: Նրան սպառնում է 12-20 տարվա ազատազրկում:




























