Ապրիլի 28-ին, ժամը 15-ին Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի դահլիճում (հասցեն՝ Չարենցի 1) «Թեղուտը սերունդների համար» նորաստեղծ հասարակական միավորումը՝ Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի աջակցությամբ, կազմակերպում է շնորհանդես, որտեղ ներկայացվելու է Թեղուտի և Հայաստանի այլ անտառային տարածքների այլընտրանքային զարգացման ծրագրի առաջարկություն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է այդ կազմակերպություններից, շնորհանդեսին հրավիրված են պետական պաշտոնյաներ, փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ ու լրատվամիջոցներ: Սպասվում է նաև հյուրասիրություն՝ Թեղուտի բարիքներով:

«Հանքարդյունաբերությունը հայտարարվել է ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը, որը սակայն մեծ վտանգ է ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու կյանքի և առողջության համար: Հանքարդյունաբերությանը զարկ տալը հիմնականում պատճառաբանվում է նոր աշխատատեղերի բացմամբ, մինչդեռ առաջարկվող ծրագիրը հիմնավորում է, որ գյուղատնտեսության զարգացման պարագայում, տվյալ դեպքում՝ „Հայանտառ“ ՊՈԱԿ-ի վերակառուցման դեպքում, հնարավոր կլինի ստեղծել ավելի մեծ քանակությամբ աշխատատեղեր, ընդ որում՝ կայուն և ոչ պակաս եկամտաբեր, քան հանքարդյունաբերության դեպքում է: Ավելին, կպահպանվի շրջակա միջավայրը, կբարելավվի մի շարք գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական իրավիճակը:

„Հայանտառ“ ՊՈԱԿ-ի նպատակն է իր ենթակայության տակ գտնվող անտառային տարածքի կառավարումը, շահագործումը և պահպանությունը: Այս նպատակի իրականացմանն առաջարկվում է հասնել' ՊՈԱԿ-ի ներսում ստեղծելով տնտեսական գործունեության այնպիսի գործառույթներ, որոնք հնարավորություն կտան բացելու առնվազն 3000 հիմնական և գրեթե նույնքան էլ ժամանակավոր աշխատատեղեր: Գործառույթները հիմնականում կունենան գյուղատնտեսական ուղղվածություն, կլինեն փոխկապակցված և, շնորհիվ արտադրանքի ցածր ինքնարժեքի և էկոլոգիական առավելությունների, մրցակցային շուկայում կունենան առավել շահեկան դիրք»,- ասված է հաղորդագրության մեջ, որը ստորագրել են «Թեղուտը սերունդների համար» հասարակական միավորման նախագահ Ռուբեն Շախկյանն ու Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Հրայր Սավզյանը: