Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի թղթակցի հարցին՝ կապված այսօր Հայաստանի իշխող կոալիցիայի հայտարարության հետ, որով նրանք առաջարկում են առկախել հայ-թուրքական գործընթացը եւ ԱԺ օրակարգից հանում են արձանագրությունների վավերացման հարցը:
Տեղեկանալուց հետո, որ իրեն հայ լրագրող է զանգահարել, Օզուգերգինը չգտավ ավելի հարմար բան, քան ցած դնել հեռախոսը: Մեր հետագա փորձերը՝ կապվել Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակի հետ, անհաջողության մատնվեցին: Նա պազապես չէր պատասխանում զանգերին:
Հետագայում թուրքական մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որտեղ Օզուգերգինը այս խնդրի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Մեզ տեղեկություն դեռեւս չի հասել: Երբ այդ տեղեկությունները ճշգրտվեն, այդ ժամանակ մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ: Այս պահի դրությամբ, հայ-թուրքական գործընթացի հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել»:



























