Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ենթադրող նախագծին, որով վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, կառավարությունը այս նախագիծն անհետաձգելի է համարել:
Մեկ այլ որոշմամբ, սահմանվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիների ծառայության ավարտից հետո մաքսատուրքի արտոնությամբ ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը: Հիշեցնենք, որ այլ երկրներում իրենց հոգեւոր ծառայությունն ավարտած հոգեւորականները իրավունք ունեն առանց մաքսատուրք վճարելու Հայաստան բերել իրենց գույքը: Հիմա հաստատվում է այդ գույքի բնաիրային չափերը:
Կառավարությունը որոշել է նաեւ սահմանել մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների եւ աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները: Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ ընդունված որոշումն ստեղծում է հայկական մեղրի արտահանման նպաստավոր պայմաններ, քանի որ դա կնպաստի մեղրի որակի բարձրացմանը եւ կարգելի անորակ մեղրի արտադրությունը:



























