Այսօր` ապրիլի 22-ին, «Ոչ»-ի շարժման 14 կուսակցություններն ընդունել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ նախագահից պահանջում ենք դադարեցնել արձանագրությունների կնքման գործընթացը՝ հետ կանչելով հայկական կողմի ստորագրությունները, հակառակ դեպքում ՀՀ նախագահից և ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք ՀՀ սահմանադրությանը համապասխան իրականացնել ՍԴ որոշումը և հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնել՝ առանց հայտարարության մեջ նշված վերապահումների։
Միաժամանակ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությունից պահանջում ենք վերանայել ՀՀ միջազգային պայմանագրերի մասին և ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքներով փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշումը։
ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք ընդունել Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը։ Ներկայացված պահանջները չկատարելու դեպքում մենք՝ արձանագրությունների դեմ համախմբված ուժերս, հաստատակամություն ենք հայտնում ազգային շահերին սպառնացող ստեղծված վտանգի դեմ ՀՀ սահմանադրությամբ և օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել՝ մինչև ստեղծված վտանգների լիակատար վերացումը»:
Հիշեցնենք, որ «Ոչ»-ի շարժման մեջ ընդգրկված են 14 քաղաքական ուժեր ու կազմակերպություններ, որոնց շարքում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Նոր ժամանակներ» կուսակցությունը, ՀՌԱԿ-ը:



























