Ապրիլի 21-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում տեղի է ունեցել ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների, ԲՈՒՀ-երում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Համաձայն ՀՀ կառավարության 2010թ. մարտի 11-ի N 238-Ն որոշման, որով հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, դիմորդների փաստաթղթերի ընդունումը եւ մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա պետությունների տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների եւ 2010թ. գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերն ընդունվելու են մինչեւ հուլիսի 10-ը:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ դիմորդը կարող էր հայտագրել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի ԲՈՒՀ-երի մինչեւ երկու անվճար եւ վեց վճարովի մասնագիտությունները, 2010թ. դիմորդը կարող է հայտագրել ՀՀ մեկ կամ մի քանի ԲՈՒՀ-երի՝ մինչեւ երկու անվճար եւ մինչեւ վեց վճարովի մասնագիտությունները:
Քննարկվել են նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր:




























