Այսօր` ապրիլի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստանի Դաշնություն), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հանդիպել են Մոսկվայում, որի արդյունքում հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք Մոսկվայում քննարկել են վերջին զարգացումները, այդ թվում՝ Վաշինգտոնում, Բաքվում եւ Մոսկվայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները։

«Համանախագահների կարծիքով, այդ հանդիպումները նոր լիցք են հաղորդում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացին` Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մայիսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Վիեննա` Մինսկի խմբին այդ ջանքերի մասին տեղեկություններ հայտնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: