Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Նորթ Հոլիվուդի «Hot Spot» ռեստորանում զինված հարձակման եւ չորս հայերի սպանության մեջ կասկածվող Ներսես Գալստյանին եւ նրա եղբորը՝ Սամվել Գալստյանին: Այդ մասին տեղեկացրել է հայկական «AMGA» հեռուստաընկերությունը:
Ոստիկանության վարկածով՝ Գալստյանը ապրիլի 3-ին «Hot Spot» ռեստորանում մասնակցել է իր ծանոթներից մեկի կազմակերպած հավաքույթին, վեճի մեջ մտել հավաքվածների հետ, եւ, հանելով ատրճանակը, գնդակահարել վեց հոգու, որոնցից 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը մահացել են, եւս երկու հոգի վիրավորվել:
«Associated Press» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գալստյանի դեմ մեղադրանք է առաջադրել նաեւ առանց արտոնագրի հրազենի գործարքներով զբաղվելու եւ ջնջված համարով զենք պահելու մեջ: Սամվել Գալստյանը, թեեւ անձամբ, չի կրակել, սակայն նրան մեղադրանք է ներկայացվելու՝ որպես հանցագործության մեղսակցի:




























