Այսօր` ապրիլի 23-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 15 օրով հետաձգվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն են: 15 օրով հետաձգվել է նաեւ 1988-92 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները` որպես ցեղասպանություն ճանաչելու մասին հայտարարության նախագիծը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախաձեռնությանը դեմ են կոալիցիոն կուսակցությունները:
Բացի այդ հանձնաժողովում հաստատվել է երեք միջազգային պայմանագիր՝ 2007թ-ի նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված Հայաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը, 1998 թ-ի հոկտեմբերի 1-ին Մոնրեալում ստորագրված միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունը և երրորդ՝ 1995-ի սեպտեմբերի 29-ին Մոնրեալում ստորագրված միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունը:




























