Վաշինգտոնի հասցեին արված Ադրբեջանի քննադատական հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ-ը հետաքրքված է հայ-թուրքական գործընթացով, հետեւաբար, բոլոր քարերը թռչում են Վաշինգտոնի ուղղությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական մշակույթի ֆոնդի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը։
Նրա խոսքով, Բաքուն իր հայտարարություններով հասկացնել է տալիս Վաշինգտոնին, որ ի դեմս Ադրբեջանի՝ ԱՄՆ կարող է կորցնել տարածաշրջանային լուրջ խաղացողի։ «Բաքուն այս կերպ հասկացնել է տալիս, որ անհրաժեշտության դեպքում իր արտաքին քաղաքական կողմնորոշումը կարող է ուղղել դեպի Մոսկվա», նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ Բաքվի նմանօրինակ հայտարարությունները տակտիկական են եւ ժամանակավոր բնույթ են կրում։
Արեշեւն ընդգծեց, որ չնայած Վաշինգտոնի հասցեին արված քննադատկան հայտարարություններին՝ Ադրբեջանը բավական հաջող կերպով ինտեգրվում է ՆԱՏՕ-ին. «Ադրբեջանի՝ ՆԱՏՕ մուտք գործելու գործընթացն այնքան հեռու է գնացել, որ հակաամերիկյան հայտարարություններն անկարող են խանգարել դրան»,- նկատել է փորձագետը։
Նշենք, որ վերջին օրերին հակաամերիկյան հայտարարություններով հանդես են եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ Ալի Հասանովը եւ Նովրուզ Մամեդովը։ Վերջինս ԱՄՆ-ին մեղադրել էր հայամետ դիրքորոշման մեջ՝ ոչ միայն Ցեղասպանության ու ղարաբաղյան հարցերում, այլեւ մարդասիրական եւ ֆինանսական աջակցության։ Ըստ ադրբեջանցու «տրամաբանության», ստացվում է, թե ԱՄՆ-ը, մոռանալով տարածաշրջանի իր ռազմավարական շահերը, մտածում է միայն Հայաստանին աջակցելու մասին։




























