Թուրքիայում այսօր` ապրիլի 23-ին նշում են երեխաների եւ ազգային ինքության տոնը: Դիարբեքիրում այդ տոնակատարությունների ընթացքում հանկարծ հնչել է 1988-ին թուրքական զինուժերի հետ բախումների ընթացքում զոհված 20 քուրդ զինյալների հիշատակին նվիրված երգը:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Դիարբեքիրում տոնակատարությանը մասնակցել են Դիարբեքիրի նահանգապետը, 7-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Դիարբեքիրի նահանգային ոստիկանության պետը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դիարբեքիրի մարզադաշտում տոնակատարության ընթացքում երեխաները պարել են երգերի շարանի ներքո: Բոլոր մասնակիցները ապշահար են եղել, երբ շարանի ընթացքում հնչել է 1988-ին Մարդինի նահանգի Բագոկ լեռան վրա թուրքական զինուժերի եւ քուրդ զինյալների միջեւ բախումից զոհված PKK-ի 20 զինյալների հիշատակին նվիրված հայտնի «Բագոկ լեռ» երգը:
Նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Բազմաթիվ քուրդ գործիչներ եւ պատգամավորներ են դատապարտվել PKK-ի օգտին քարոզչություն անելու համար:




























