Ուկրաինայում ստեղծված հակադրությունը պետական հեղաշրջման հետեւանք է, որը կազմակերպվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Նրա խոսքով՝ հեղաշրջման նպատակն էր Ուկրաինայում իշխանության բերել հակառուսական ուժերի, Ղրիմից դուրս հանել Սեւծովյան նավատորմը եւ աստիաճանաբար Ուկրաինային ինտեգրացնել եվրաատլանտյան կառույցներ, պոկել այն Ռուսաստանից եւ թույլ չտալ մուտքը Մաքսային միություն: «Բնականաբար, Մոսկվան դատապարտեց հակասահմանադրական այս քայլը, իրական քայլեր ձեռնարկեց թույլ չտալու համար, որպեսզի ԱՄՆ-ի եւ Արեւմեւտքի ծրագրերը հաջողությամբ չպսակվեն: Ծագեց ճգնաժամը, այսինքն ամերիկացիները կարծում էին, որ նրանք իրենց կամքը կպարտադրեն Ուկրաինային, իսկ Ռուսաստանը վճռականորեն ընդդիմացավ սրան»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:
Արեւմուտքի բարի կամքի դեպքում, ընդգծել է քաղաքագետը, ուկրաինական ճգնաժամը կարող է տարրական լուծում ստանալ: Դրա համար, նրա խոսքով, պետք է, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշում ընդունի Ուկրաինայում անօրինական խմբավորումների զինաթափման մասին, եւ այդ նպատակով պետք ՄԱԿ խաղաղարար ուժերը Կիեւ ժամանեն, որոնք կապ չունեն ՆԱՏՕ-ի հետ: «Դրանից հետո Վիկտոր Յանուկովիչը պետք է Ուկրաինա վերադառնա եւ ընդդիմության հետ Ուկրաինայի դաշնայնացման վերաբերյալ սահմանադրության նոր նախագիծ մշակի, դրա շուրջ հանրաքվե անցկացնի: Ահա մայիսի 25-ին այդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ, որից հետո կկայանա Ուկրաինայի իշխանության նոր մարմինների ընտրություններ»,- հայտարարել է Միխայիլ Ալեքսանդրովը՝ կարծիք հայտնելով, որ Ուկրաինայի երկու պալատից բաղկացած խորհրդարան է անհրաժեշտ:
Ռուս փորձագետն ընդգծել է, որ Ղրիմն արդեն Ուկրաինա չի վերադառնա, քանի որ այնտեղի բնակիչները անվտանգության հարյուր տոկոսանոց երաշխիք են ցանկանում: «Ուստի նրանք անցնում են Ռուսաստանի հովանավորության ներքո: Իսկ Ուկրաինայի մյուս մասը կարող է պահպանվել որպես ընդհանուր դաշնային պետություն»,- եզրափակել է Միխայիլ Ալեքսանդրովը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ի նիստի արդյունքների հիման վրա ՂԻՀ Գերագույն խորհուրդը որոշել է դիմել ՌԴ ղեկավարությանը առաջարկով սկսել գործընթաց Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Մարտի 16-ին նշանակված է համաղրիմյան հանրաքվե, որում կորոշվի նաեւ Ղրիմը Ռուսաստանին հանձնելու հարցը:



























