Ռուսաստանի ջավախահայ համայնքը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հայտարարությամբ, որում մասնավորապես պաշտոնական Անկարայից պահանջում է ճանաչել սեփական պատմությունը եւ գործած հանցանքի համար փոխհատուցոմ վճարել հայ ժողովրդին։
«Թուրքիան պարտավոր է անձնական նախաձեռնությամբ նյութապես եւ բարոյապես փոխհատուցել Ցեղասպանության զոհերի հետնորդներին։ Նա պետք է հրաժարվի իր տարածքներում գտնվող հայկական մշակութային կոթողները հետեւողականորեն ոչնչացնելու քաղաքականությունից։ Բարի կամքի դրսեւորմամբ Թուրքիան պետք է Հայաստանին վերադարձնի հնագույն մայրաքաղաք Անին»,- ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները նաեւ խոստանում են, որ հետեւողական են լինելու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ «Կողմնակալ քաղաքական գործիչների եւ կազմակերպությունների՝ Հայոց ցեղասպանության փաստի մասին լռելը նրանց հաղորդակից է դարձնում այդ հանցանքին»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակներին զայրացնում է այն փաստը, որ Անկարան ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ շրջափակման մեջ է պահում Հայաստանը։




























