Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան Միխայել Լավոն-Լոտեմը հասկանում է կովկասյան տարածաշրջանի առանձնահատկություններն ու բարդությունները և չի միջամտի «ուրիշի գործերին»,- այս մասին նա հայտարարել է օգոստոսի 3-ին՝ իսրայելական IzRus պորտալին տված հարցազրույցում։

«Կովկասը բարդ տարածաշրջան է, և պետք չէ դրա մասին մոռանալ։ Սակայն, քանի որ ես իսրայելցի եմ, իսկ Մերձավոր Արևելքն էլ հանգստավայր չէ, ապա ես գերազանց հասկանում եմ, թե ինչպես պետք է ինձ պահեմ։ Գլխավոր կանոնը՝ ուրիշի գործերին չմիջամտելն է»,- հայտարարել է նորանշանակ դեսպանը։

Ինչպես նշել է Լավոն-Լոտեմը, նրա հետագա աշխատանքը կլինի Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունների բարելավումը: Դեսպանն իր առջև նպատակ է դրել ավելացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և ամրապնդել գործընկերային հարաբերությունները։

«Մեզ՝ իսրայելցիներիս, դուր չի գալիս, երբ մեզ հրահանգում են ինչ անել և ինչպես գլուխ հանել մեր խնդիրներից։ Եվ մյուսներին էլ հազիվ թե դուր գա, որ իրենց գլխին տեղան անկոչ խորհուրդներ։ Ես հիանալի կերպով հասկանում եմ, որ Կովկասում իրավիճակը սովորական չէ, Ադրբեջանի շրջապատը բոլորովին էլ պարզունակ չէ, և հենց այդ պատճառով էլ մտադիր եմ քիթս չխոթել այնտեղ, որտեղ պետք չէ»,- ընդգծել է դեսպանը։