Ամերիկյան New York Times թերթն իր խմբագրականում ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին կոչ է անում լուրջ մոտենալ «պարոն Պուտինի նկատմամբ» պատժամիջոցների կիրառմանը: NEWS.am-ը ներկայացնում է խմբագրական հոդվածը՝ որոշ կրճատումներով:

Ուկրաինայի հակամարտության ներկա փուլում կարեւոր է հստակեցնել, որ խոսքը պարզապես այն մասին չէ, թե ով է տիրանում Ղրիմին: Սա բարդ հարց է, եւ անջատողական տրամադրություններով համակված Քվեբեկի, Շոտլանդիայի եւ Կատալոնիայի բնակիչներն ապացուցել են, որ հարցի լուծման օրինական միջոցներ կան:

Իրական խնդիրն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր գործողություններով ձեռնոց է նետել: Առայժմ պարզ չէ՝ Պուտինը կորոշի՞ Ղրիմը փաստացի միացնել Ռուսաստանին, թե Ղրիմի կախվածության այլ ձեւ կստեղծի: Մի բան պարզ է. նրա բացահայտ անօրինական գործողությունները հիմնված են իր նախկին կայսրության տարածքի վրա Ռուսաստանի արտոնություններ ունենալու նախապաշարմունքի վրա:

Ղրիմի գրավումը անօրինական է, եւ ժամանակն է, որպեսզի Եվրոպան միանա ԱՄՆ-ին՝մի շարք պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներ հնչեցնելիս, որոնք պ-ն Պուտինին կհամոզեն, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումն անընդունելի է:

Շատ ռուսների նման, Պուտինին թվում է, թե առանձնահատուկ կապ ունի Ուկրաինայի հետ: Սակայն ոչ նա, ոչ նրա աշխատակազմը չեն կարողանում հասկանալ, որ Ուկրաինան կարող է տնտեսական եւ սոցիալական կապեր հաստատել Արեւմուտքի հետ՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ պատմական եւ մշակութային անվիճելի հարազատությունը: Նրանց համար սա մեկ հաղթողի խաղ է, եւ պ-ն Պուտինը կոշտ խաղի է պատրաստվում:

Պրն. Պուտինը կարծում է, որ Արեւմուտքը պատրաստ չէ թանկարժեք պատժամիջոցներ կիրառել, որ ԱՄՆ-ի հետ առեւտրի ոչ բարձր մակարդակը ԱՄՆ-ին թույլ չի տա Ռուսաստանի դեմ իսկապես ցավագին պատժամիջոցներ կիրառել, եւ որ Գերմանիան, որը կախված է ռուսական գազից եւ զգալի արտահանում է կատարում Ռուսաստանից, չի ընդունի պատժամիջոցները, որոնք շատ ցավոտ կհարվածեն հենց իրեն՝առավել եւս սնանկացած եւ անկայուն Ուկրաինայի պատճառով: Սակայն Ռուսաստանը ապահովագրված չէ ճնշումներից, իսկ նրա ֆինանսական շուկաները անցյալ շաբաթ ցույց տվեցին, որ խուճապի են մատնվում:

Օբամայի աշխատակազմը արդեն ճիշտ եզրակացության է հանգել, որ պարոն Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ արդեն ձեռնարկած գործողությունների համար, եւ բախվի ավելի մեծ պատժամիջոցների սպառնալիքին, եթե շարունակի գործել նույն ուղղությամբ: Սակայն շատ կարեւոր է, որպեսզի Եվրոպան միանա ԱՄՆ-ին: Չնայած պրն. Պուտինը հավանաբար վստահ է, եւ ունի դրա բոլոր հիմքերը, որ Ռումինիայի եւ Լեհաստանի տարածքներով ՆԱՏՕ-ի թռիչքները կամ էլ Սեւ ծովում ամերիկյան ավիակիրի առկայությունը  ռազմական գործողություններ կիրառելու իրական սպառնալիք չեն, այնուամենայնիվ, ռուսները շատ զգայուն են այն ամենի հանդեպ, ինչն ըստ նրանց, սպառնում է իրենց անվտանգությանը: Պրն. Պուտինին մոտ կանգնած որոշ պաշտոնյաների ակտիվների սառեցումը աննկատ չէր մնա Ռուսաստանի նոր դասի ձեռնարկատերերի համար, իսկ բանկերի դեմ ֆինանսական պատժամիջոցները լուրջ խոչընդոտ կդառնան ռուսական ձեռնարկությունների համար՝ իրենց համար այդքան անհրաժեշտ արտաքին փոխառություններն ստանալիս:

Անկասկած, պրն. Պուտինը կպատասխանի իր դեմ ցանկացած կտրուկ պատժամիջոցների: Սակայն, որքան շուտ ամերիկյան եւ եվրոպական առաջնորդները կարողանան ցուցադրել, որ իրենք պատրաստ են լուրջ պատժամիջոցներ կիրառել եւ իրենց վրա վերցնել դրանց հետեւանքները, այնքան ավելի շատ հնարավորություն կա, որ նման պատժամիջոցների կարիքը չի լինի: