Մոսկվան հուսով է, որ Հայաստանին ու Թուրքիային կհաջողվի հաղթահարել ներկայիս բարդ իրավիճակն ու պայմաններ ստեղծել հարաբերությունների լայնամասշտաբ կարգավորման համար, որում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Արձանագրում ենք, որ Հայաստանին եւ Թուրքիային այս փուլում չհաջողվեց ինչ-որ արդյունքի հասնել, որը թույլ կտար վերականգնել հարաբերությունները երկու հարեւան երկրների միջեւ, եւ այդ կերպ, առողջացնել քաղաքական մթնոլորտը Հարավային Կովկասում՝ նախադրյալներ ստեղծել այդ տարածաշրջանում կայունության ամրապնդման համար»,- նկատել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան նշել է, որ իր հեռուստաուղերձում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել է Թուրքիայի հետ տեւական բանակցությունների անմխիթար արդյունքը եւ հայտարարել գործերի փակուղային վիճակի մասին: Ընդ որում, նա շեշտել է, որ Հայաստանը միայն կասեցնում է արձանագրությունների վավերացումը, բայց ետ չի կանչում ստորագրությունը: «Այսպիսով, մեկ տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարը պահպանվում է»,- կարծում է Նեստերենկոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը՝ իր որոշումը հիմնավորելով Թուրքիայի պաշտոնյաների ապակառուցողական դիրքորոշմամբ ու արձանագրությունների վավերացումը ձգձգելու նրանց գործելաոճով:




























