Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այյսօր՝ ապրիլի 23-ին ավարտվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի դատաքննությունը:

Վերջինս մեղադրվում է Հայաստանի պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարին կայացրած հույժ գաղտնի որոշումը ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթին փոխանցելու մեջ: Խոսքը Երեւանում նախագահական ընտրությունների ժամանակ կայազոր ստեղծելու որոշման մասին է, որը ընդդիմությունը գնահատում է որպես բանակը ներքաղաքական խնդիրներին խառնելու փորձ:

Արմեն Սարգսյանն ու նույն վարչության աշխատակցուհի Լուսյա Այվազյանը դատավարության ընթացքում ընդունել են իրենց մեղքն ու դատարանին խնդրել արագացված դատաքննություն անցկացնել:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել է Արմեն Սարգսյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ նույն վարչության աշխատակից Լուսյա Այվազյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման, բայց վերջինիս նկատմամբ պայմանականորեն պատիժը չկիրառել՝ նախաքննության հետ համագործակցելու համար:

Դատական հաջորդ նիստին պաշտպանական կողմը հանդես կգա եզրափակիչ ելույթներով: