«Եթե մեր արեւելյան սահմանը տեղաշարժվի, դրանից կխախտվի մեր անվտանգությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մեկնաբանելով մադրիդյան սկզբունքներն ու հատկապես տարածքների վերադարձի խնդիրը: «Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, իսկ հետագայում Ղարաբաղն ինքը կարող է իր սահմանները ճշգրտել Ադրբեջանի հետ, եթե դա անհրաժեշտ համարի»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ հավելեց. «Սահմանների հետ կապված բանակցելու իրավունք ունեն ԼՂՀ օրինական իշխանությունները: ՀՀ իշխանությունները իրավասու չեն նման հարցերով զբաղվելու` Ղարաբաղի փոխարեն»: Նա հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ՀՀ նախագահին ուղղված իր նամակներից մեկում կոչ է արել դադարեցնել առանց ԼՂՀ-ի, նման ձեւաչափով բանակցություններ վարելը: «Այլ հարց է, որ այսօրվա ԼՂՀ իշխանությունները, ցավոք սրտի, իրենց լեգիտիմ իրավունքները, մեր տպավորությամբ, ամբողջությամբ վստահում են Սերժ Սարգսյանին, որն արտահայտվում է միջնորդավորված տեղեկատվության մեջ, ինչը փոխանցվեց Բակո Սահակյանի կողմից»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Նա տեղեկացրեց, որ ԼՂ իշխանություններին ուղղված «Ժառանգության» նամակին ի պատասխան ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատասխանել է. «Հնչեցված որոշ գաղափարներ ու մոտեցումներ կարող են դառնալ խորհրդատվությունների առարկա: Ինչ վերաբերում է ՀՀ կողմից ԼՂՀ փաստացի անկախության ճանաչմանը, ապա մեր տեսակետն այն է, որ Հայաստանն իբրեւ ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր առաջնահերթությունները»:
Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ «Ժառանգությունն» ակնկալում է ԼՂՀ իշխանությունների պաշտոնական պատասխանը նաեւ ԼՂ բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ, որտեղ արծարծվում է ԼՂ-ի հարցը առանց ԼՂ ներկայացուցիչների ներկայության: Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ իր տպավորությամբ, ԼՂՀ իշխանությունների տեսակետը չի համընկնում Ղարաբաղի հասարակության կարծիքի հետ:




























