Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ի առավոտյան տիկնոջ հետ այցելել է 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Երկրի ղեկավարին ուղեկցել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ եւ պատգամավորներ, զինվորական ղեկավարությունը, Սփյուռքի ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու համար եկած բազմաթիվ հյուրեր, մշակույթի գործիչներ եւ մտավորականության ներկայացուցիչներ։ Չնայած երեկվանից չդադարող անձրեւին՝ մարդիկ գալիս են Ծիծեռնակաբերդ, ուր արդեն ծաղիկների պատնեշ է գոյացել։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթել է 1.5 մլն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել ուղերձով։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նշանակալի իրադարձությունների ֆոնին։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ Ցեղասպանության 94-րդ տարելիցի նախաշեմին, Երեւանն ու Անկարան հայտարարեցին երկկողմ հարաբերություները կարգավորելու մտադրության մասին։ Սակայն մեկ տարի անց՝ 2010 թ. ապրիլի 22-ին, հայկական կողմը ստիպված եղավ հայտարարել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կանգնեցնելու մասին՝ իր նմանօրինակ քայլը բացատրելով թուրք պաշտոնյաների դիրքորոշմամբ եւ նրանց կողմից արձանագրությունների վավերացումը ձգձգելու փաստով։ Թուրքիան, իր հերթին, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը կապում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ։
Իր ուղերձում Հայաստանի նախագահը շնորհակալություն էր հայտնել թուրք այն մտավորականներին, ովքեր պայքարում են պատմական ճշմարտության վերականգնման համար եւ կիսում հայերի ցավը։
Նշենք, որ ամբողջ աշխարհում ապրում է 1915 թ. Ցեղասպանությունը վերապրած շուրջ 20 հազար հայ։ 2003 թ. տվյալներով, Հայաստանում այդ մարդկանց թիվը 886 էր, որոնցից 360-ն ապրում էր Երեւանում։ 1995 թ. նրանց թիվը հասնում էր ավելի քան 4 հազարի։




























