Ապրիլի 24-ին՝ հայ ժողովրդին հղած ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտավորապես նույնը, ինչ եղավ անցած տարի, երբ Օբաման «Ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը, այդ կերպ փորձելով խուսանավել, որ չզայրացնի ոչ Թուրքիային, ոչ ԱՄՆ-ի մեծաթիվ հայ համայնքին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւին, դրան էլ սպասում է նույնաբովանդակ բանաձեւերի ճակատագիրը, որոնք Սպիտակ տան վարչակազմի ճնշման տակ կամ չէին քննարկվում, կամ մերժվում էին: «Բայց ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթաթուղթն ԱՄՆ-ը միշտ կպահի իր ձեռքում՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Ընդ որում, Ցեղասպանության հարցի քննարկումը Մեծ Բրիտանիայի եւ Բուլղարիայի խորհրդարանների կողմից Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու ամերիկյան խաղի մի մասն էին»,- հայտարարել է Արեշեւը:

Փորձագետը նշել է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ շահագրգիռ ԱՄՆ-ը իր գործողություններում հենվում է բոլորովին էլ ոչ մարդասիրական սկզբունքների վրա, այլ բացառապես իր աշխարհաքաղաքական նկրտումներն ունի՝ Իրանի, Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Ընդ որում, նշել է նա, Իրանի շուրջ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի խնդրահարույց, քանի որ ԱՄՆ-ին հաջողվել է պառակտում մտցնել ռուս-իրանական հարաբերություններում: «Ռուսաստանը, որ կլանված է սեփական սոցիալ-տնտեսական խնդիրներով, ոչ բավարար ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Այդ իրավիճակում ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորող գործոն են եւ չի կարելի թույլ տալ դրանց մակարդակի նվազում, քանի որ դա բացասական կազդի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի վրա»,- ամփոփել է փորձագետը: