Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում վերջապես կարտասանի «ցեղասպանություն» բառը: Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ ԱՄՆ նախագահի այդ քայլը «կխթանի, որպեսզի ամերիկյան Կոնգրեսն ի վերջո պաշտոնապես ընդունի Հայոց ցեղասպանության փաստը»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին էլ ոգեւորել է փաստը, որ հայ ժողովուրդն այսօր միակամ է: «Ազգը միակամ է, համախմբված է: Սգում է անմեղ զոհերի հիշատակը եւ պայքարում է արդարության համար»,- նշել է Հրանուշ Հակոբյանն ու հավելել. «Ես կուզենայի, որ Սփյուռքը բոլոր հարցերում այսպես կազմակերպված լիներ, այսպես համախմբված լիներ, որովհետեւ մենք ունենք խնդիր ե՛ւ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, ե՛ւ մեր Հայաստանը հզորացնելու ու ուժեղացնելու համար»:

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի նախագահն իր բոլոր հնարավոր քայլերը արեց, որպեսզի բացվեն սահմանները Թուրքիայի հետ: «Ցավոք, Թուրքիայի պետությունը եւ հասարակությունը այսօրվա դրությամբ պատրաստ չեն այդ քայլերին: Եւ միանշանակ ճիշտ էր նախագահի այն հայտարարությունը, որ գործընթացները պետք է ժամանակավորապես կասեցնել»,- ամփոփեց Զաքարյանը:

«Վիվասել-ՄՏՍ» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանի կարծիքով էլ, ապրիլի 24-ը մեր պատմության անբաժանելի մասն է: «Եւ այս օրն է, որ մեզ միշտ ուժեղացնում, լիցքավորում է, որ մենք կարողանանք շարունակել եւ ավելի ուժեղ, ավելի հզոր լինել, հատկապես ապագայում»,- ասել է Յիրիկյանն ու հավելել. «Հատկապես մեր ինքնության համար, իբրեւ հայեր, իբրեւ ազգ: Եւ ուզեն-չուզեն կասկածամիտները, թող իմանան, որ մենք միշտ լինելու ենք, եւ ամեն օր ավելի ենք հզորանալու»: