Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտպանության նախարարության ապրիլի 23-ին կայացած նիստում նորից արտահայտել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Բաքվի ունեցած դիրքորոշումը:
«Մեր դիրքորոշումը հենվում է ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ պատմական արդարության եւ իրական տրամաբանության վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Հայաստանի „օկուպացիոն“ ուժերը պետք է դուրս բերվեն բոլոր „գրավյալ“ տարածքներից: Միայն դրանից հետո է հնարավոր խաղաղության եւ հաղորդակցության վերականգնումը: Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, եւ այն ադրբեջանցիները, ովքեր պետք է վերադառնան Ղարաբաղ, պետք է ապրեն մեկ միասնական Ադրբեջանի սահմաններում: Չկա մեխանիզմ, որն այսօր կամ հետագայում ի վիճակի կլինի առանձնացնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից: Դա հստակորեն նշված է բանակցություններում: Այս դեպքում եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ վերջին առաջարկությունները կարող են հիմք դառնա համաձայնության ստեղծման համար»,- հայտարարել է Ալիեւը:
«Սակայն, չնայած դրան, Հայաստանի դիրքորոշումը նորից ցույց է տալիս, որ հայկական կողմը խաղաղություն չի ուզում: Նրանք պարզապես առավելագույնի են ձգտում, այն է` որքան հնարավոր է երկար պահպանել ստատուս-քվոն, չեն ցանկանում դուրս գալ „գրավյալ“ տարածքներից, ցանկանում են շարունակել „բռնազավթումը“: Նրանք քայլեր են ձեռնարկում ցուցադրելու, որ իրենք, այսպես ասած, կողմ են բանակացություններին: Պարզապես ձգտում են, որ բանակցությունների գործընթացն ավելի ձգձգվի եւ ձեռք բերի ինչ-որ առումով մշտական բնույթ, դառնա հարատեւ»:
Նախագահը նշել է, որ ադրբեջանական կողմը երբեք չի համաձայնի դրա հետ: «Մենք բազմիցս նշել ենք, որ կմասնակցենք բանակցությունների այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր կլինի իրական արդյունքեր ստանալ»,- ասել է Ալիեւը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին, եւ այսօր կյանքը հաստատում է մեր այն խոսքերը, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ տարածաշրջանում մեկ այլ հակամարտություն չի կարող կարգավորվել: Ոչ այն պատճառով, որ Ադրբեջանը դեմ կարտահայտվի դրան, մենք բոլոր միջոցներով պաշտպանում ենք եւ պաշտպանելու ենք մեր ազգային շահերը եւ հաջողությունների ենք հասել այդ գործում, այլ պարզապես այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտությունը գործոն է, որը բացասական մեծ ազդեցություն է ունենում տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա: Առանց այդ հակամարտության կարգավորման եւ առանց Ադրբեջանի մասնակցության, տարածաշրջանային ոչ մի այլ նախաձեռնություն, իրադարձություն հնարավոր չէ: Դա արդեն տարածաշրջանային իրականություն է, որի ստեղծման գործում Ադրբեջանը բացառիկ դերակատարություն է ունեցել: Վերջին տարիներին իրականացրած մեր քաղաքականությունը, տարածաշրջանում մեր դիրքորոշումների ամրապնդումը, ամուր պետության ստեղծումը, մեր տնտեսական հնարավորությունները, տնտեսական եւ արտադրական նախաձեռնությունները բավականին հզորացրել են Ադրբեջանին: Այդ պատճառով ոչ մեկը չի կարող ժխտել այդ տարածաշրջանային գործոնը: Ոչ մեկ չի կարող անտեսել մեր շահերը։ Եւ ծրագրերը, ջանքերը, որոնք ուղղված են մեզ որոշակիորեն մեկուսացնելու, կձախողվեն: Դա եւս մեկ անգամ ապացուցեցին վերջին իրադարձությունները: Մենք հետագայում էլ շարունակելու ենք պաշտպանել մեր շահերը եւ դրա հետ մեկտեղ ջանքեր ենք գործադրելու տարածաշրջանում լայնածավալ համագործակցություն սկսելու համար: Այդ լայնածավալ համագործակցության հիմնական գործոնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Մենք Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում դեռեւս չենք տեսնում: Նրանք շարունակում են ժամանակ ձգել: Նրանք շարունակում են ջանքերը գործադրել` խաբելու միջազգային միջնորդներին: Մեծ ցավով պետք է ասեմ, որ մի շարք միջազգային կառույցներ ուզում են փակել իրենց աչքերը նրանց կեղծավոր պահվածքի վրա: Կարծես թե արդարացնում են Հայաստանի ակնհայտ ջանքերը` խաթարելու բանակացությունները: Դա անշուշտ մեզ շատ է անհանգստացնում, քանի որ միջազգային հանրությունը գոնե պետք է հարգի սեփական որոշումները»,- կարծում է Իլհամ Ալիեւը:
Նա նաեւ հայտարարել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը ավելացել են ավելի քան 10 անգամ: Վերջին տարիների ընթացքում մեծ քանակությամբ զինամթերք է գնվել: «Այդ գործընթացը դեռ շարունակվում է, եւ դա մեր միակ իրավունք է: Մենք կարող ենք ծախսել եւ ծախսում ենք ռազմական խնդիրների լուծման համար այնքան միջոցներ, որքան կցանկանաք»,- հայտարարել է Ալիեւը:




























