Կարեւոր է, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստ են շարունակել երկխոսությունը: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: «Ես լավատես եմ եւ վստահ եմ, որ երկու երկրների հարաբերությունները կնորմալանան, բայց քանի որ գոյություն ունեն պատմական հակասություններ, դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նա:

Իր հերթին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միգլիորին ողջ իտալացի ժողովրդի ու իտալացի խորհրդարանականների անունից իր ցավակցություններն է հայտնել հայ ժողովրդին 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առթիվ: «Եվրոպան շարունակում է ճնշումը Թուրքիայի նկատմամբ հայոց ցեղասպանության ճանաչման համար, որի արդյունքում հնարավոր կլինի կանխարգելել մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը»,- հայտարարել է իտալացի պտգմավորը:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխանությունները հայկական վիլայեթներից ու Թուրքիայի հայաբնակ մյուս շրջաններից բռնի տեղահանեցին ու խոշտանգեցին ողջ արևմտահայությանը։ Զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, մոտ 500 000 տեղահանվել են։ Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ: Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Որոշ ԵՄ երկրներում (Բելգիա, Շվեյցարիա, Ֆրանսիա) ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են ԱՄՆ 50 նահանգներից 42-ը: