Այսօր ապրիլի 24-ին, Հայաստանի բոլոր մարզերում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել։ Հանրապետության տարբեր քաղաքների եկեղեցիներում ի հիշատակ Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ նահատակների՝ հոգեհանգստի պատարագներ են մատուցվել եւ աղոթել նրանց հոգիների հանգստության համար։
Վանաձորում եւ Մարտունիում մարդիկ քայլերթով շարժվել են դեպի Ցեղասպանության հուշակոթողների մոտ, ծաղիկներ դրել այնտեղ։ Հնչել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող, ինչպես նաեւ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու հայտարարություններ։




























