Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, հռչակավոր երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլի 24-ին մասնակցել է Փարիզի Ելիսեյան դաշտերում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ի հիշատակի 1915թ. իրադարձությունների՝ Ազնավուրը վառել է կրակը Հաղթական կամարի տակ՝ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ: Նման միջոցառում ավանդաբար անցկացվում է Ֆրանսիայում առանձնահատուկ հանդիսավոր օրերին:
ՅՈՒՆԵՍԿՈ-ում Հայաստանի պատվավոր դեսպանի եւ Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչի կարգավիճակում Շառլ Ազնավուրը դիմել է հավաքված հազարավոր մարդկանց՝ աջակցության եւ ցավակցության խոսքերով:
Ֆրանսիայում բնակվում է աշխարհում խոշորագույն հայկական համայնքներից մեկը, որի թիվը հասնում է 500 հազարի: Շատ ընտանիքներ ժամանել են այստեղ 20-րդ դարասկզբին՝ Ցեղասպանությունից հետո:
Հիշատակի միջոցառումներ են եղել նաեւ Շվեյցարիայում: Ապրիլի 23-ին Տրուան համայնքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ազնավուրն ու հայ համայնքի ներկայացուցիչները, նաեւ Ժնեւի եւ Տրուանի քաղաքային իշխանությունները ծաղկեպսակ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:




























