Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարել է լրատվամիջոցների համազգային քարոզարշավ` իրազեկելու հանրությանը Հայոց ցեղասպանության մասին և բացատրելու Ցեղասպանության փաստի ընդունման կարևորությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայկական համագումարից:
«Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը` Համագումարը կրկնապատկում է իր ջանքերը` Հայոց ցեղասպանության դասերը մոռացության չմատնելու և Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ու հավելել. «Այս տեսահոլովակները, որոնք այսօր ցուցադրվեցին ամբողջ երկրով, բարձրացնում են Ցեղասպանության մասին իրազեկվածությունը, կոչ անում ճանաչել այն ու կանխարգելել հետագա ցեղասպանությունները»:
Առաջին տեսահոլովակում Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, (http://www.youtube.com/watch?v=KVoOYAKnT-c): Այն թողարկվել է ապրիլի 24-ի վաղ առավոտյան եւ եւս մեկ անգամ թողարկվել է երեկոյան` «Բիզնես Նեթուորք» հեռուստաալիքով, որը հասանելի է մոտավորապես 60 միլիոն ընտանիքների: Այն նաեւ ցուցադրվել է ապրիլի 25-ին: Երկրորդ տեսահոլովակը ցուցադրվել է http://www.youtube.com/watch?v=ie4XUpLpSCc, հանրային հեռուստաալիքներով՝ ապրիլի 24-ին, եւ սփռվել ողջ երկրով:




























