Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակը համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Հայաստանն այսօր գտնվում է լուրջ մարտահրավերների առջեւ, իսկ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ըստ Զուրաբյանի, այդ մարտահրավերներն են՝ տնտեսական ճգնաժամը, որն «այսօր մեղմացվել է ընդամենը միջազգային ֆինանսական կառույցներից որոշ ողորմություններ ստանալու միջոցով, բայց դա էլ կապված է ԼՂ խնդրում զիջումների հետ»,- ներկայացրեց Զուրաբյանը՝ որպես մարտահրավերներ նշելով նաեւ ԼՂ կարգավորման գործընթացն ու Ադրբեջանի կողմից ավելի ու ավելի բարձրաձայն ներկայացվող պատերազմի վտանգը:

Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ այս մարտահրավերները հաղթահարելու համար իշխանությունները համարժեք գործողություններ չեն առաջարկում: «Դա կլիներ հայ ազգի համախմբումը, բայց իշխանություները ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Քայլերից կլիներ՝ քաղբանտարկյալների ազատումը, հասարակության, ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնելը, բանակցույթունների մասին տեղյակ պահելը»,- ազդարարեց Զուրաբյանը եւ նշեց, որ իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ի դեպ, Զուրաբյանը նաեւ հրաժարվեց մեկնաբանել «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի այսօր կատարած հայտարարությունը, թե ավարտվել է այն փուլը, երբ իրենք պաշտպանում էին մեկ թեկնածուի, եւ «Ժառանգությունը» պատրաստվում է հանդես գալ առանձին: