«Միլանո» խանութի սեփականատերը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Միլանո խանութի վտարման ապօրինի գործողությունները սկսվել են մարտի 9-ից։ Այսօր արդեն առանց կասկածի կարելի է արձանագրել, որ այդ գործընթացը մանրամասն մշակված և պետական տարբեր մարմինների կողմից նախապես ծրագրված էր։ Տարաբնույթ ապօրինություններ իրականացնելու նպատակով գործի են դրվել պետական կառույցները ՝ սկսած դատական համակարգից, մինչեւ հարկային, մաքսային մարմիններ։
Երկու տարի առաջ „Օլիմպ“ ԱԿ-ում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյան 1 հարկային տեսչության կողմից իրականացվեցին ստուգումներ, ինչի արդյունքում հայտնաբերվեցին „հսկայական խախտումներ“ և ակտով առաջացած տուգանքի գումարը կազմեց մոտ 17մլն դրամ։ Արձանագրված խախտումները լիովին անհիմն էին և „Օլիմպ“ ԱԿ-ը բողոքարկեց ստուգման ակտը Վարչական դատարանում, որն էլ բավարարեց „Օլիմպ“ ԱԿ-ի հայցը։ Սակայն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը չհիմնավորված կերպով բավարարվեց և որոշվեց` „Օլիմպ“ ԱԿ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17մլն դրամ՝ ստուգման ակտով առաջացած տուգանքի գումար։
Մարտի 9-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները Միլանո խանութ էին եկել միաժամանակ մի քանի կատարողական թերթերով, որով վտարում էին „Օլիմպ“ ԱԿ-ին և Հ.Ղուկասյանին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքներից, արգելանք էին դնում ապրանքների վրա՝ համապատասխան հիշյալ վճռով „Օլիմպ“ ԱԿ-ի ունեցած պարտավորության։
ԴԱՀԿ աշխատակիցները հիմք չընդունելով ապրանքների վրա արված գնանշումները, իրենք կատարեցին ապրանքների գնահատում` չունենալով ապրանքների մասին համապատասխան տեղեկատվություն և գիտելիքներ։ Արդյունքում` 17մլն դրամի ապրանքի դիմաց ԴԱՀԿ աշխատակիցները առգրավեցին 47մլն դրամ արժողությամբ ապրանքներ։
Ապրիլի 22-ից ԴԱՀԿ ծառայությունը հայտարարել է „Օլիմպ“ ԱԿ-ից բռնազավթած ապրանքների բաց աճուրդ։ „Օլիմպ“ ԱԿ-ն դիմել է դատարան` պահանջելով նշանակել գույքի անկախ, մասնագիտացված գնահատում, իսկ մինչ այդ պետք է դադարեցվի բռնազավթված ապրանքների չհիմնավորված գներով աճուրդի իրականացումը։
Քանի որ, Միլանո խանութի տարածքը գտնվում է որոշ „ազդեցիկ“ մարդկանց հետաքրքրության կենտրոնում, նախապես ձեռնարկվել են բոլոր միջոցները ապօրինի իրացման գործընթացը անխափան ավարտելու համար և դրա համար գործադրվում են ամենատարբեր ճնշումներ։
Նշենք նաև, որ „Օլիմպ“ ԱԿ-ի փոխտնօրեն Հ.Ղուկասյանի նկատմամբ հարուցված է նաև քրեական գործ՝ ներմուծման ժամանակ կեղծ ապրանքագրերով մաքսազերծում իրականացնելու համար։
Հաշվի առնելով, որ Հ.Ղուկասյանի բազմաթիվ բողոքներն ու դիմումները իշխանություններին մնացին անպատասխան, հիմք է տալիս ենթադրելու, որ այս ապօրինությունները իրականանում են հենց իրենց հովանավորությամբ։ „Օլիմպ“ ԱԿ-ի տնօրնությունը շարունակելու է պայքարը՝ հանուն արդարության վերականգնման»։




























