Հայաստանի եւ Բելգիայի Վալոնիայի շրջանի գործարարության աջակցության գործակալությունների (Վալոնիայի Արտահանման գործակալություն եւ ԶՀԳ) եւ հայ-բելգիական առեւտրի պալատի ներգրավմամբ իրականացվում է «ԱրմենՎալ» ծրագիրը, որի նպատակն է համատեղ գործարար ծրագրերի իրականացման խթանումը:
Բելգիական կողմից ծրագիրը ֆինանսավորվում է Վալոնիայի Արտահանման գործակալության (AWEX) եւ UNIDO-ի կողմից: Ծրագրին աջակցություն է ցուցաբերում նաեւ Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը:
«ԱրմենՎալ» ծրագրի իրականացումը բաղկացած է մի քանի փուլերից: Սկզբնական շրջանում Հայաստանում եւ Բելգիայում ընտրվում են որոշակի ոլորտներում համագործակցության, մասնավորապես՝ համատեղ արտադրական եւ այլ գործարար գործունեությամբ հետաքրքրված կազմակերպություններ:
Այդ նպատակով, ապրիլի 22-ին Բելգիայի Նամյուռ քաղաքում կազմակերպվել է հատուկ այդ ծրագրին եւ Հայաստանի հետ գործարար հնարավորություններին առնչվող գործարար համաժողով: Համաժողովին Վալոնիայի գործարարներին ներկայացվել են «ԱրմենՎալ»-ի կազմակերպմանն առնչվող մանրամասները, Հայաստանի տնտեսության, տնտեսական քաղաքականության մասին տեղեկատվությունը, քննարկվել են Հայաստանի հետ համատեղ գործարար ծրագրերի իրականացման հնարավորությունները: Միջոցառմանը մասնակցել է ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչը, Հայաստանի մասին ներկայացմամբ հանդես է եկել Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենը:




























