Այսօր` ապրիլի 26-ին, ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը անդրադարձել է հայ-թուրքական գործընթացում վերջին զարգացումներին եւ քննադատել նախագահ Սերժ Սարգսյանին` նշելով, որ հայ-թուրքական գործընթացը կասեցնելու քայլով իշխանությունները Հայաստանի համար ընտրեցին ամենավատ տարբերակը:

«Այս իրավիճակից դուրս գալու կես տասնյակ հնարավոր ելք կար` ոչինչ չանելուց մինչեւ ստորագրության հետկանչը, իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը եւ Թուրքիայի ցանկությունն էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար` չվավերացրեց արձանագրությունները, բայց եւ չհրաժարվեց դրանցից` Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ակտիվ ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում», — նշել է Օսկանյանը, հավելելով, որ հենց սկզբից էլ պարզ էր, որ «հնարավոր չէր երկար ձգել այս`ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, եւ իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը»:

Օսկանյանը զարմանում է, որ «իշխանություններ բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետեւել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին: Եւ ոչ միայն հանդուրժել են դա, այլեւ շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է եւ աննախադեպ դիվանագիտական հաղթանակ»:

«Այսօր ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն երեւույթը նշմարվում է ԼՂ հարցում: Այսօր նույնպես իմ քննադատությանը հակադարձում են, թե ԼՂ բանակցություններում ամեն ինչ լավ է ընթանում, որ ոչ մի վտանգավոր զարգացում չկա», — նշում է նախկին ԱԳ նախարարը՝ հավելելով, թե հիմա «չարախնդալու» կամ «սեփական ճշմարտացիությունն ամեն գնով ապացուցելու» ժամանակը չէ: «Փաստը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացն ընթանում է մեզ համար անբարենպաստ հունով, եւ իրավիճակը պետք է շտկել, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է ոչ միայն շեշտադրումների, այլ նաեւ քաղաքականության փոփոխություն: Բայց դրա համար իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու եւ դրա լրջությունն ընդունելու, որպեսզի Ղարաբաղի հարցում էլ նույն իրավիճակում չհայտնվենք»:

Օսկանյանը նաեւ մտահոգություն է հայտնել, որ եթե մինչ այս իշխանությունը ներկայացնողները գովաբանում էին հայ-թուրքական գործընթացը, այսօր արդեն մի նոր` հակառակ, ծայրահեղության մեջ են ընկել: «Այդ նույն քարոզչամեքենան լծվել է հակաթուրքական քարոզչությանը: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ընդունել են կարծրատիպային ծայրահեղական մի նոր կեցվածք: Բոլոր կողմերի անզգույշ քաղաքականության հետեւանքով մենք հանգել ենք հայ-թուրքական հարաբերություններում փակուղու: Եվ այս նոր միտումները կարող են ավելի վատթարացնել առանց այդ էլ նուրբ իրավիճակը` փակելով հետագայում որեւէ դրական զարգացման հնարավորությունը»,- ասել է նա: