Հայ-թուրքական գործընթացը նախաձեռնելիս մենք երկու թիրախ ունեինք՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ ցույց տալ աշխարհին, թե որ կողմն է իրականում շահագրգռված գործընթացով։ Նման հայտարարությամբ ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նշելով, որ հայ-թուրքական գործընթացի նախաձեռնման մեկ տարին ցույց տվեց, թե «Հայաստանն ինչ դիրքերով սկսել է այն, նույն դիրքերով էլ շարունակում է», նա շեշտեց, որ Թուրքիան ամբողջ այս ընթացքում հակառակ կերպ է վարվել։ «Ճիշտ հակառակն է եղել Թուրքիայի դեպքում. այդ երկիրը միշտ նախապայմաններ է առաջ քաշել»,- հիշեցրեց Մինասյանը։
Նրա խոսքով, հայ-թուրքական գործընթացից մենք երկու բան ենք շահել՝ քաղաքական սուբյեկտի իրավիճակ, վստահելի գործընկերոջ վարկ՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար, ինչպես նաեւ իրողություն, որ Ցեղասպանության մասին քննարկումները Թուրքիայում ավելի լուրջ եւ լայնածավալ են դարձել։ «Թուրքիայում սկսվել է մի գործընթաց, որի արդյունքում Ցեղասպանության ճանաչման մասին խոսում են անգամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորները։ Այդ հարցը Հայաստանի համար մնում է առաջնային, քանի որ այն բխում է մեր ազգային շահերից»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացի՝ հայկական կողմի նախաձեռնությամբ կասեցնելու թեմային, Մինասյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում գործընթացն առկախելն ամենատրամաբանական եւ ամենանպաստավոր քայլն էր. «Պահեստային մեկ քայլ պահելու տեսանկյունից գործընթացը կասեցնելը ամենախելամիտ տարբերակն էր»,- համոզմունք հայտնեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ հավասարապես անարդյունավետ կլիներ թե՛ դրանք վավերացնելը, թե՛ ոչինչ չանելը եւ թե՛ Հայաստանի ստորագրություններն արձանագրություններից հետ կանչելը. «Եթե Հայաստանը հետ վերցներ իր ստորագրությունները, կկորցներ ձեռք բերված բոլոր հնարավորությունները»,- նշեց ԱԺ պատգամավորը։
Ամփոփելով՝ Գ. Մինասյանը քիչ հավանական համարեց, որ մինչեւ Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն այդ երկիրը կգնա հայ-թուրքական գործընթացի նոր՝ երկրորդ ծնունդի։




























