«Ես թուրքերին ատում եմ, սակայն հարևաններ ենք և պետք է միասին ապրենք։ Մեր միջև համերաշխություն երբեք չի լինի, սակայն դիվանագիտական հարաբերություններ կարելի է հաստատել»,- այսօր` ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը` հավելելով. «Շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»։ Նրա խոսքով, հիշողությունը բարոյականություն է, և այն ժողովուրդը, որը կարող է մոռանալ իր անցյալը, անբարո է։ Թեեւ Պ. Զեյթունցյանը կարծում է, որ պետք է հարաբերություններ լինեն Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, պետք է սահմանը բացվի, քանի որ դա ճանապարհ է Հայաստանի համար, սակայն երկու ժողովուրդների միջեւ խորը անդունդ կա:

Գրողն անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանել-չարտասանելու խնդրին` հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Ռեյգանն արդեն իսկ ընդունել է ցեղասպանությունը եւ անհասկանալի է, թե քանի՞ անգամ պետք է նախագահն ասի այդ բառը:

Այնուհետեւ անդրադառնալով ԼՂ խնդրին, Պերճ Զեյթունցյանն ասել է. «Այսպես ասած „գրավյալ տարածքները“ ո՞րն են։ Ես շատ դեմ եմ տարածքներ հանձնելուն։ Դրանք տարածքներ չեն, դա հայրենիք է։ Ես ինչպե՞ս ասեմ, որ հայրենիք հանձնելը ճիշտ է։ Հերիք է կորցնենք, գոնե մի անգամ ինչ-որ բանի տեր լինենք»: